Ներդրողի վիզա (E-2)

Եթե Դուք պատրաստ եք որոշակի գումար ներդնել ԱՄՆ-ում նոր ձեռնարկություն ստեղծելու կամ գործող ձեռնարկություն գնելու համար, ապա կարող եք ստանալ ներդրողի E-2 վիզա:

E-2 վիզայի առավելությունը կայանում է նրանում, որ այն Ձեզ թույլ է տալիս ապրել ԱՄՆ-ում և աշխատել Ձեր ձեռնարկությունում, ԱՄՆ տեղափոխել Ձեր կնոջը/ամուսնուն և մինչև 21 տարեկան երեխաներին: Ընդ որում, Ձեր կինը/ամուսինը կարող են ստանալ աշխատանքի թույլտվություն և աշխատել ինչպես Ձեր, այնպես էլ ցանկացած այլ գործատուի մոտ: Երեխաները իրավունք ունեն հաճախել մասնավոր կամ հանրային դպրոցներ, իսկ 21 տարին լրանալու դեպքում ԱՄՆ-ում կարող են մնալ ուսանողական F-1 վիզայով: E-2 վիզայի գործողությունը կարող է անվերջ երկարաձգվել, քանի դեռ Ձեր ներկայությունը ԱՄՆ-ում հիմնավորված է, ուստի այն գրեթե համարժեք է մշտական կացության կարգավիճակին (գրին քարտին):

Որքա՞ն գումար է պետք ներդնել

Ներդրվող գումարի հստակ չափ սահմանված չէ և կախված է ձեռնարկության բնույթից, բայց սովորաբար խորհուրդ է տրվում ներդնել առնվազն 50,000 ԱՄՆ դոլար: Կարևոր է, որ ձեռնարկությունը ունենա զարգացման ծրագիր և ապահովի ոչ միայն Ձեր ընտանիքի ապրուստը, այլ հետագայում աշխատատեղեր ստեղծի նաև ԱՄՆ բնակիչների համար:

Բանկային հաշվին գումար ցույց տալը բավարա՞ր է վիզա ստանալու համար, թե՞ գումարը պետք է արդեն ներդրված լինի

Պետք է ցույց տալ, որ գումարը արդեն ներդրվել է կամ ներդրման ընթացքում է: Օրինակ՝ գործող բիզնես գնելու դեպքում արդեն իսկ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, ներդրվելիք գումարը սառեցված է հատուկ բանկային հաշվում և կվճարվի վաճառողին Ձեր E-2 վիզա ստանալու դեպքում: Եթե ստեղծվում է նոր բիզնես, ապա պետք է ցույց տալ, որ ԱՄՆ-ում արդեն գրանցված է ձեռնարկություն, որն ունի բանկային հաշիվ, այդ հաշվին փոխանցված են միջոցներ, գնված են սարքավորումներ, նյութեր և այլն:

Կարո՞ղ եմ անհրաժեշտ գումարը ներդնել գործընկերոջ հետ միասին

Այո, սակայն այդ դեպքում ներդրվելիք գումարի չափը պետք է ավելի մեծ լինի:

Կարո՞ղ եմ ներդնել պարտքով վերցված գումար

Այո, որպես կանոն կարելի է ներդնել նաև փոխառությամբ վերցված գումարները:

Ո՞ր ոլորտում պետք է լինի ներդրումը

Ձեռնարկության բնույթը կարող է տարբեր լինել: Համեմատաբար փոքր ներդրում պահանջող ձեռնարկությունները հիմնականում հետևյալ ոլորտներում են՝

  • Ավտոմեքենաների վերանորոգում, լվացում, բենզալցակայաններ
  • Ռեստորաններ, սրճարաններ, բարեր, արագ սննդի կետեր
  • Խանութներ
  • Գեղեցկության սրահներ
  • Ծաղիկների վաճառք
  • Հյուրանոցներ, մոթելներ
  • Երեխաների կամ ծերերի խնամքի կենտրոններ
  • Գյուղատնտեսական ֆերմաներ
  • Կահույքի արտադրություն և վաճառք
  • Քիմմաքրման ծառայություներ

Անշարժ գույք գնելը բավարա՞ր է վիզա ստանալու համար

Որպես կանոն ոչ, քանի որ բնակարանը կամ տունը «բիզնես» չեն համարվում: Բացառություն է կազմում վարձակալության համար նախատեսված տարածքների մեջ ներդրում անելը, որոնք կարիք ունեն մշտական կառավարման:

Կարո՞ղ եմ ես Հայաստանից աշխատողներ տանել իմ ձեռնարկությունում աշխատելու համար

Նման հնարավորություն կա, եթե Հայաստանից աշխատողն ունի հատուկ գիտելիքներ կամ աշխատելու է ղեկավար պաշտոնում:

Ինչպե՞ս ենք մենք օգնում

Մենք օգնում ենք ԱՄՆ-ում ստեղծել նոր ձեռնարկություն կամ գտնել վաճառքի հանված գործող ձեռնարկություն, պատրաստել կամ վերանայել բիզնես-ծրագիրը, հավաքել ապացույցներ ԱՄՆ-ում կատարված կամ պատրաստվող ներդրման մասին, պատրաստել վիզայի դիմումը, կից փաստաթղթերը, ինչպես նաև Ձեզ նախապատրաստել դեսպանատանը հարցազրույցին: Մենք անվճար կգնահատենք E-2 կատեգորիայով վիզա ստանալու Ձեր շանսերը: Կապվեք մեզ հետ 099-00-11-23 հեռախոսահամարով կամ help@usvisa.am հասցեով: