B-2 տուրիստական վիզա

Տուրիզմի նպատակով ԱՄՆ մեկնելու համար անհրաժեշտ է ստանալ B-2 կարճաժամկետ այցելության վիզա: Ներկայումս ՀՀ քաղաքացիներին տուրիստական վիզաները տրվում են հիմնականում 10 տարի ժամկետով՝ բազմակի մուտքի-ելքի հնարավորությամբ: Յուրաքանչյուր այցելության առավելագույն ժամկետը որոշվում է ԱՄՆ սահմանը հատելիս (օդանավակայանում) և, որպես կանոն, կազմում է 6 ամիս: Նշված ժամկետից ավելի երկար մնալու համար անհրաժեշտ է դիմել ԱՄՆ իմիգրացիոն ծառայություն՝ վիզայի ժամկետը երկարաձգելու հիմնավորված խնդրանքով:

Տուրիստական վիզան ժամանակավոր վիզա է, որն իրավունք չի տալիս ԱՄՆ-ում աշխատել, զբաղվել բիզնեսով կամ սովորել (բացառությամբ կարճաժամկետ դասընթացների, սեմինարների և այլն):

Վիզա ստանալու ընթացակարգը

Վիզա ստանալու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն դիմում, որտեղ նշվելու է Ձեր այցելության նպատակը, ԱՄՆ-ում մնալու հասցեն, զբաղմունքը, ընտանիքի կազմը և մի շարք այլ տեղեկություններ: Դիմումը լրացնելուց հետո կատարվում է վճարում՝ յուրաքանչյուր դիմողի համար 160 ԱՄՆ դոլարի չափով, որը կարող է վճարվել օնլայն կամ բանկում: Վճարումը կատարելուց հետո դիմողն ընտրում է հարցազրույցի օրը: Որպես կանոն, հարցազրույցի օրը հասանելի է լինում մի քանի շաբաթից կամ նույնիսկ ամսից՝ կախված դիմողների թվից և հյուպատոսության ծանրաբեռնվածությունից:

Հարցազրույցը

Հարցազրույցը տուրիստական վիզա ստանալու գործընթացում ամենակարևոր փուլն է, քանի որ դրա ընթացքում է որոշվում վիզա տալու կամ չտալու հարցը: Բոլոր դիմողները պարտավոր են մասնակցել հարցազրույցի՝ բացառությամբ մինչև 10 տարեկան երեխաների, 80-ից բարձր տարեցների և որոշ այլ դեպքերի: Հարցազրույցը սովորաբար տևում է մի քանի րոպե, որի ընթացքում հյուպատոսության աշխատակիցը թարգմանչի միջոցով տալիս է հարցեր՝ պարզելու համար դիմողի այցելության իրական նպատակը և Հայաստան վերադառնալու մտադրությունը:

Դիմողը պետք է բանավոր բացատրություններով և փաստաթղթերով ապացուցի, որ ԱՄՆ մեկնում է միայն իր նշած օրինական նպատակով և սահմանված ժամկետի ավարտին վերադառնալու է Հայաստան:

Այցի նպատակը և ժամկետը

Այցելության նպատակը պետք է լինի հստակ, օրինական և իրատեսական: Պահանջվող ժամկետը պետք է համապատասխանի հայտարարված նպատակին:

Այցի ֆինանսավորումը

Դիմողը պետք է ցույց տա, որ ունի ԱՄՆ այցի ծախսերը հոգալու համար բավարար ֆինանսական միջոցներ և եկամուտ կամ ունի հովանավոր, որն իր վրա է վերցնում այդ ծախսերը:

Հայաստան վերադառնալու մտադրությունը

Հայաստան վերադառնալու մտադրությունը կարող է ապացուցվել Հայաստանում առկա ընտանեկան, աշխատանքային, գույքային և այլ կապերով:

Գրավոր փաստաթղթեր

Որպես կանոն, հյուպատոսության աշխատակիցը վիզան տալու կամ մերժելու որոշումը կայացնում է բանավոր հարց ու պատասխանի հիման վրա: Սակայն, որոշ դեպքերում գրավոր փաստաթղթերը կարող են վճռական դեր խաղալ: Հետևաբար, անհրաժեշտ է հարցազրույցի համար պատրաստել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմնավորում են Ձեր այցի նպատակը և ժամկետը (օրինակ՝ հրավեր, երաշխավորագիր), ֆինանսավորումը (օրինակ՝ բանկային հաշվից քաղվածք, տեղեկանք աշխատավարձի վերաբերյալ), ինչպես նաև Հայաստանում ունեցած ընտանեկան, աշխատանքային, գույքային և այլ կապերը (օրինակ՝ ամուսնության վկայական, անշարժ գույքի սեփականության վկայական):

Մերժումներ

Հյուպատոսության աշխատողը պարտավոր է մերժել վիզայի տրամադրումը, եթե հարցազրույցի ընթացքում չի համոզվում, որ ԱՄՆ այցը ունի օրինական նպատակ, և որ դիմողը կվերադառնա Հայաստան: Մերժմանը նպաստող հանգամանքները նշված են այստեղ: Մերժումները, որպես կանոն, բողոքարկման ենթակա չեն: Միևնույն ժամանակ, միշտ հնարավոր է նոր դիմում ներկայացնել՝ թույլ տրված սխալները հասկանալուց և շտկելուց հետո: