Ուսանողական վիզաներ

ԱՄՆ ուսանողական վիզա ստանալու համար Դուք պետք է ընդունված լինեք ԱՄՆ-ում գտնվող որևէ մասնավոր կամ պետական դպրոց/համալսարան: Երկարաժամկետ ուսանողական վիզան տրվում է այն անձանց, որոնք ընդունված և գրանցված են այնպիսի ուսումնական ծրագրի համար, որի վերջում տրվելու է դիպլոմ, գիտական աստիճան, սերտիֆիկատ կամ այլ որակավորում: Կարճաժամկետ (սովորաբար մինչև 6 ամիս) դասընթացները, որպես կանոն, ուսանողական վիզա չեն պահանջում, և դուք դրանց կարող եք մասնակցել սովորական B-1/B-2 վիզայով:

Ուսանողական վիզա ստանալու համար Դուք նաև պետք է ցույց տաք բավարար ֆինանսական միջոցների առկայություն (միջոցներ բանկային հաշվում կամ հովանավոր), որոնք Ձեզ թույլ կտան վճարել ուսման վարձը և ապրել ԱՄՆ-ում առանց աշխատելու: Անգլերեն լեզվի իմացության մակարդակը նույնպես պետք է լինի բավարար մակարդակի վրա ուսումնական ծրագրին մասնակցելու համար, կամ եթե այն բավարար չէ, պետք է ցույց տալ, որ Դուք գրանցվել եք անգլերեն լեզվի դասընթացների համար:

Բացի այդ, ուսանողական վիզան իր էությամբ ժամանակավոր վիզա է, ուստի Դուք պետք է ցույց տաք, որ ԱՄՆ-ում չեք մնալու և ուսումնական ծրագրի ավարտից հետո վերադառնալու եք Հայաստան:

Ուսանողական վիզաները հիմնականում լինում են F-1 (բուհեր) կամ M-1 կատեգորիայի (միջին մասնագիտական հաստատություններ):

Ուսանողի ընտանիքը (ամուսին և մինչև 21 տարեկան երեխաներ) նույնպես կարող են մեկնել ԱՄՆ: Երեխաներն ԱՄՆ-ում իրավունք ունեն հաճախել դպրոց, սակայն ամուսինը աշխատելու իրավունք չի ունենա: