ԱՄՆ սահմանադրության համաձայն այդ երկրում ծնված երեխան դառնում է ԱՄՆ քաղաքացի: Հետևաբար, ԱՄՆ-ում ծննդաբերելու ցանկությունը կարող է պայմանավորված լինել ինչպես բարձր որակի բժշկական օգնություն ստնալու ցանկությամբ, այնպես էլ երեխայի համար ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու ցանկությամբ:  Տուրիստական (B-2) վիզայով ԱՄՆ-ում ծննդաբերելը օրինական երևույթ է: B-2 վիզայի նպատակներից մեկը կարող է լինել ԱՄՆ-ում բժշկական օգնություն ստանալը: ԱՄՆ դեսպանատունը չի կարող տուրիստական վիզան մերժել միայն այն պատճառով, որ Հայաստանի քաղաքացին պատրաստվում է ծննդաբերել ԱՄՆ-ում: Մերժումը հնարավոր է, եթե առկա են կասկածներ, որ ծննդաբերելուց հետո մայրը չի վերադառնա Հայաստան կամ եթե դիմումատուն ներկայացնում է կեղծ տեղեկատվություն իր այցելության նպատակի մասին:

Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ում ծնված երեխան չի կարող “հովանավորել” իր ծնողներին ԱՄՆ-ում մնալու համար: Տուրիստական վիզայով մնալու ժամկետի ավարտից հետո ծնողները պետք է ԱՄՆ քաղաքացի երեխայի հետ միասին հեռանան ԱՄՆ-ից: Երեխան 21 տարեկան դառնալուց հետո նոր միայն կարող է դիմում ներկայացնել իր ծնողներին մշտական ռեզիդենտի կարգավիճակ (գրին քարտ) տալու համար: