H-1B
Ժամանակավոր աշխատանքային վիզա (H-1B) ստանալու համար Դուք պետք է ունենաք աշխատանքի հրավեր ԱՄՆ-ում գործող գործատուից, որը կարող է լինել մեծ կամ փոքր կազմակերպություն կամ նույնիսկ անհատ: H-1B վիզայի առավելությունը կայանում է նրանում, որ այն չի պահանջում ստանալ աշխատանքի թույլտվություն: H-1B վիզան իր բնույթով ժամանակավոր է և կարող է տրվել մինչև 6 տարի ժամկետով: Մեկ այլ առավելություն կայանում է նրանում, որ Դուք պարտավոր չեք ապացուցել, որ սերտ կապեր ունեք Հայաստանի հետ և վերադառնալու եք վիզայի ժամկետը լրանալուց հետո :
Ի լրումն աշխատանքի առաջարկ ունենալու պահանջի Դուք նաև պետք է ունենաք բարձրագույն կրթություն և/կամ երկար տարիների մասնագիտական աշխատանքային փորձ: Ձեզ առաջարկվող աշխատանքն իր բնույթով պիտի լինի այնպիսին, որ պահանջի բարձրագույն կրթություն և/կամ նեղ մասնագիտական գիտելիքներ: Հիմնականում H-1B վիզան օգտագործվում է ծրագրավորողների և ՏՏ ոլորտի մասնագետների կողմից, բայց այն կարող է օգտագործվել ցանկացած ոլորտում, որտեղ պահանջվում են մասնագիտական գիտելիքներ:
Վիզան ստանալու համար գործատուն նախ պետք է ստանա հավաստագիր այն մասին, որ Ձեզ առաջարկվող աշխատավարձը ավելի ցածր չէ, քան համանման աշխատանքի համար տեղացի աշխատողներին վճարվող աշխատավարձը: Դրանից հետո գործատուն Իմիգրացիոն Ծառայություն է ներկայացնում համապատասխան դիմում, որը բավարարվելու դեպքում ուղարկվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:
H-1B վիզաների համար գոյություն ունեն քվոտաներ՝ տարեկան 85,000 վիզա: Հետևաբար, նույնիսկ եթե Ձեր դիմումը բավարարվի, հնարավոր է, որ տվյալ տարվա համար հատկացված վիզաները սպառված լինեն: Քվոտաները, որպես կանոն, չեն տարածվում այն աշխատողների վրա, որոնք աշխատելու են ոչ առևտրային (օրինակ՝ կրթական, հետազոտական) հիմնարկներում:
Ժամկետներ
Քվոտաների առկայության պատճառով գործատուները Իմիգրացիոն Ծառայություն դիմումները ներկայացնում են հնարավորինս շուտ, հիմնականում ապրիլի 1-ին: Որպես կանոն, դիմումները բավարարվում կամ մերժվում են մինչև մայիսի վերջ, որից հետո ամառային ամիսներին դեսպանատներում անցկացվում են հարցազրույցներ, և վիզա ստացած աշխատողը կարող է աշխատանքի անցնել նոր ֆինանսական տարվա սկզբից՝ հոկտեմբերի 1-ից:
Ծախսեր
I-129 դիմումը ներկայացնելու համար գործատուն վճարում է 325 ԱՄՆ դոլար, ինչպես նաև լրացուցիչ վճարներ 500 և 750 ԱՄՆ դոլարի չափով (որոշ դեպքերում լրացուցիչ վճարները կարող են ավելի բարձր լինել): H-1B վիզա ստանալու համար աշխատողը վճարում է 160 ԱՄՆ դոլար:
Ընտանիք
Եթե Դուք ստացել եք H-1B վիզա, ապա Ձեր ամուսինը/կինը և մինչև 21 տարեկան երեխաները նույնպես կարող են ստանալ վիզա Ձեզ ուղեկցելու նպատակով: Որոշ բացառություններով նրանք իրավունք չունեն աշխատել ԱՄՆ-ում: