Մշտական վիզաներ

Մշտական ներգաղթային վիզա (գրին քարտ) կարող են ստանալ ԱՄՆ քաղաքացիների և մշտական ռեզիդենտների (գրին քարտ ունեցողների) ընտանիքի անդամները:

ԱՄՆ քաղաքացիներ

ԱՄՆ քաղաքացու ամուսինը/կինը, չամուսնացած և անչափահաս (մինչև 21 տարեկան) երեխաները, ինչպես նաև ծնողները կարող են ներգաղթային վիզա ստանալ առանց հերթի: Ընտանիքի անդամի համար դիմող ԱՄՆ քաղաքացին պետք է լինի չափահաս, հետևաբար Դուք չեք կարող ԱՄՆ-ում մնալ միայն այն հիմքով, որ Ձեր երեխան ծնվել է ԱՄՆ-ում և դարձել է այդ երկրի քաղաքացի:

ԱՄՆ ներգաղթային վիզա կարող են ստանալ նաև՝

  • ԱՄՆ քաղաքացու չափահաս չամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 8 տարի է)
  • ԱՄՆ քաղաքացու չափահաս ամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 11 տարի է)
  • ԱՄՆ քաղաքացու եղբայրները/քույրերը (ներկա պահին հերթը մոտ 13 տարի է)

Վիզա ստանալու հերթը կարելի է տեսնել ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում:

ԱՄՆ մշտական ռեզիդենտներ

ԱՄՆ ներգաղթային վիզա կարող են ստանալ ԱՄՆ մշտական ռեզիդենտի («գրին քարտ» ունեցողի) կինը/ամուսինը և անչափահաս երեխաները (ներկա պահին հերթը մոտ 1,5 տարի է), ինչպես նաև չափահաս չամուսնացած երեխաները (ներկա պահին հերթը մոտ 7 տարի է)

Հարսնացու/փեսացու

Գոյություն ունի առանձին վիզայի տեսակ ԱՄՆ քաղաքացու հետ նշանված (այսինքն՝ ամուսնանալ պատրաստվող) անձանց համար:

Որդեգրում

Անչափահաս երեխաները նաև կարող են որդեգրվել ԱՄՆ քաղաքացու, այդ թվում՝ ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից, և այդ հիմքով ստանալ ներգաղթային վիզա:

Ապաստան ստացած անձինք

ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած անձինք կարող են իրենց ընտանիքի անդամներին տեղափոխել ԱՄՆ՝ նման կարգավիճակ ստանալուց հետո 2 տարվա ընթացքում:

Ժամանակավոր վիզաներ

ԱՄՆ-ում օրինական հիմքերով բնակվող անձինք, որոնք ունեն ժամանակավոր վիզա աշխատանքի, ուսման, բիզնեսի կամ որևէ այլ հիմքով, կարող են ԱՄՆ տեղափոխել իրենց անմիջական ընտանիքին, այսինքն՝ կնոջը/ամուսնուն և մինչև 21 տարեկան երեխաներին:

Այցելության վիզա

Ընտանիքի անդամներին և այլ բարեկամներին կարճ ժամանակով այցելելու համար կարելի է ստանալ նաև սովորական այցելության վիզա (B-2):