Կարո՞ղ եմ գրանցել ընկերություն ԱՄՆ-ում, եթե չունեմ ԱՄՆ վիզա

Այո, Դուք կարող եք ԱՄՆ-ում գրանցել ընկերություն հեռակա կարգով: ԱՄՆ մուտք գործելու և աշխատելու համար կպահանջվի վիզա, սակայն ԱՄՆ-ում բիզնես բացելու համար վիզա պետք չէ:

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել ԱՄՆ ընկերությունը

ԱՄՆ-ում գրանցված ընկերությունը կարող է օգտագործվել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում կամ այլ երկրում գործունեություն իրականացնելու համար, հատկապես եթե ընկերության գործունեության բնույթն այնպիսին է, որ որևէ երկրում ֆիզիկական ներկայություն ունենալու կարիք չկա (օնլայն բիզնես, ծառայությունների մատուցում, մեծածախ առևտուր և այլն):

Ի՞նչ առավելություն կարող է տալ ԱՄՆ-ում ընկերություն ունենալը վիզա ստանալու տեսանկյունից

ԱՄՆ-ում ընկերություն ունենալն ինքնին չի երաշխավորում, որ Դուք կստանաք վիզա: Սակայն գործնական այցելության վիզա (B-1) ստանալու համար ԱՄՆ-ում ընկերություն ունենալու փաստը կարող է կարևոր ապացուցողական նշանակություն ունենալ: Բացի այդ, ԱՄՆ-ում բիզնես ունենալը նախապայման է մի շարք այլ՝ երկարաժամկետ վիզաներ ստանալու համար, ինչպիսիք են ձեռներեցի/ներդրողի վիզան (E-2), խոշոր ներդրողի վիզան (EB-5), ինչպես նաև ԱՄՆ գործուղվող ղեկավարի/մասնագետի վիզան (L-1 կամ EB-1C):

Ի՞նչ այլ օգուտներ կարող է տալ ԱՄՆ-ում ընկերություն բացելը

  • ԱՄՆ-ում ընկերություն բացելը կարող է զգալի հարկային օգուտներ տալ, քանի որ ԱՄՆ-ում գրանցված ընկերությունը կարող է ԱՄՆ-ում չհարկվել, այսինքն՝ օգտագործվել որպես «օֆշորային» ընկերություն:
  • Առավելություններ կան նաև բաժնեմասի փոխանցման դյուրինության, գաղտնիության տեսանկյունից:
  • ԱՄՆ ընկերությունը կարող է օգտագործվել նաև բաժնետոմսեր, դրամական միջոցներ, հեղինակային իրավունք, անշարժ գույք կամ ցանկացած այլ գույք պահելու համար (հոլդինգային ընկերություն)՝ այդ գույքը պետությունից և այլ պարտատերերից պաշտպանելու նպատակով:
  • Բացի այդ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունը կարող է ավելի հարմար լինել ներդրումներ, վարկեր և այլ կապիտալ ներգրավելու տեսանկյունից:

Ո՞ր նահանգում է ավելի լավ բացել ընկերությունը

Եթե բիզնեսը փաստացի գործելու է ԱՄՆ-ում (այսինքն՝ ԱՄՆ-ում ունենալու է աշխատողներ, գրասենյակ), ապա ցանկալի է ընկերությունը գրանցել այն նահանգում, որտեղ փաստացի իրականացվելու է գործունեությունը: Հակառակ դեպքում, Վայոմինգ, Նեվադա և Դելավար նահանգները համեմատաբար ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում:

Ի՞նչ տեսակի ընկերություն է պետք բացել

Դեպքերի մեծամասնությունում առավել նպատակահարմար է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (LLC) բացումը՝ չնայած բիզնեսի տարբեր ձևեր ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Կարո՞ղ եմ ԱՄՆ-ում բացել բանկային հաշիվ իմ ընկերության համար

Այո: Բանկային հաշիվ կարելի է բացել ԱՄՆ անձամբ մեկնելու կամ ԱՄՆ-ում որևէ անձի լիազորագիր տալու միջոցով:

Կարո՞ղ եմ ստանալ ԱՄՆ սոցիալական ապահովության համարանիշ (SSN)

ԱՄՆ սոցիալական ապահովության համարանիշը տրվում է միայն այն անձանց, որոնց կարգավիճակը թույլ է տալիս ԱՄՆ-ում աշխատել: Մյուս կողմից, ԱՄՆ-ում ընկերություն գրանցելու համար սոցիալական ապահովության համարանիշ ունենալը պարտադիր պահանջ չէ: