EB-2 վիզա գիտական աստիճան ունեցող կամ բացառիկ ունակություններով անձանց համար

ԱՄՆ իմիգրացիոն իրավունքի տեսանկյունից “գիտական աստիճան” է համարվում բակալավրից ավելի բարձր կրթական աստիաճան ունեցող անձը (օրինակ՝ մագիստրոս, գիտությունների թեկնածու, ԱՄՆ-ում իրավաբանական կամ բժշկական դպրոց ավարտած անձ և այլն): Որոշ դեպքերում բակալավրի աստիճան ունեցող անձը նույնպես կարող է դիմել այս վիզայի համար, եթե ունի 5 և ավելի տարվա աշխատանքային փորձ:

EB-2 իմիգրացիոն (մշտական) վիզայի համար կարող են դիմել նաև այն անձինք, որոնք “բացառիկ ունակություններ” ունեն արվետի, գիտությունների կամ բիզնեսի ոլորտում:

EB-2 վիզա ստանալը պահանջում է ունենալ աշխատանքի առաջարկ ԱՄՆ-ից (համալսարանից, գիտահետազոտական կենտրոնից կամ այլ գործատուից), ինչպես նաև աշխատանքի թույլտվություն: Աշխատանքի թույլտվություն ստանալը բավական երկար և բարդ ընթացակարգ է, որը գործատուից պահանջում է գովազդել թափուր աշխատատեղը տեղական լրատվամիջոցներով, հարցազրույցներ վարել դիմողների հետ և հիմնավորել, թե ինչու դիմածներից ոչ մեկը չի համապատասխանում գործատուի պահանջներին:

Միևնույն ժամանակ, գոյություն ունի մեկ բացառություն, որը թույլ է տալիս  EB-2 վիզա ստանալ առանց աշխատանքի թույլտվության, եթե աշխատանքն իր բնույթով նպաստում է ԱՄՆ պետական շահերին (national interest waiver): Դիմողը պարտավոր է ապացուցել, որ ԱՄՆ-ում իր աշխատանքը բարենպաստ ազդեցություն կունենա ԱՄՆ տնտեսության, բնակչության զբաղվածության, բնակարանով ապահովվածության, կրթության, շրջակա միջավայրի, մշակույթի կամ որևէ այլ ոլորտի վրա: Բացի այդ, աշխատանքի արդյունքը պետք է ունենա համապետական (ոչ տեղական) ազդեցություն: Օրինակ՝ ֆեդերալ նշանակության գործակալությունում/համալսարանում աշխատող գիտաշխատողը  կարող է օգտվել այս բացառությունից, բայց տեղական հիվանդանոցում աշխատողը չի կարող: Բացի այդ, դիմողը պետք է ցույց տա, որ իր՝ աշխատանքի թույլտվություն ստնալու գործընթացով անցնելը կհակասի ԱՄՆ պետական շահերին:

Աշխատանքի թույլտվություն չի պահանջվում նաև բժշկության ոլորտի որոշ մասնագիտությունների և արվետի ու գիտությունների ոլորտում “բացառիկ ունակություններ” և միջազգային ճանաչում ունեցող անձանց համար:

Ժամկետ և Ծախսեր

EB-2 վիզա ստանալու ժամկետը, կախված աշխատանքի թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից, կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: Ծախսերը նույնպես կարող են տարբեր լինել: Բոլոր դեպքերում նվազագույնը գործատուի կողմից I-140 դիմումի համար վճարվելու է 580 դոլար, իսկ իմիգրացիոն վիզա ստանալու համար վճարվելու է ևս 345 դոլար:

Ընտանիք

EB-2 իմիգրացիոն վիզա ստացած անձի ամուսինը/կինը և մինչև 21 տարեկան երեխաները նույնպես կարող են ստանալ մշտական ռեզիդենտի կարգավիճակ (գրին քարտ):