H-1B վիզան ժամանակավոր աշխատանքային վիզա է, որը կարող է տրվել բարձրագույն կրթություն կամ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին, որոնք ունեն աշխատանքի հրավեր ԱՄՆ-ից և ԱՄՆ-ում աշխատելու են իրենց մասնագիտությամբ:

EB-1A կամ O-1 կատեգորիայի վիզան նախատեսված է այն անձանց համար, որոնք զգալի հաջողությունների են հասել արվեստի, սպորտի, գիտության, կրթության կամ բիզնեսի ոլորտում: Օրենքով սահմանված 10 չափանիշներից 3-ին բավարարելու դեպքում Դուք կարող եք դիմել այս վիզան ստանալու համար:

Գիտաշխատողները և դասախոսները կարող են ստանալ EB-1B վիզա, եթե ունեն ճանաչում իրենց ոլորտում և աշխատանքի հրավեր ամերիկյան համալսարանից կամ այլ գործատուից:

EB-2 վիզա կարող են ստանալ այն անձինք, որոնք ունեն գիտությունների թեկնածուի կամ մագիստրոսի կոչում կամ բացառիկ ունակություններ գիտության, արվեստի կամ բիզնեսի ոլորտում: Նման անձինք կարող են ԱՄՆ-ում աշխատանքի թույլտվություն չունենալ, եթե ցույց են տալիս, որ իրենց գործունեությամբ նպաստելու են ԱՄՆ պետական շահերին (օրինակ՝ աշխատանք առողջապահության ոլորտում, գիտահետազոտական աշխատանքներ և այլն):

Այլ մասնագետները, որակավորում ունեցող կամ չունեցող աշխատողները կարող են ստանալ EB-3 վիզա, եթե ունեն աշխատանքի հրավեր ԱՄՆ-ից, ինչպես նաև աշխատանքի թույլտվություն: Աշխատանքի թույլտվությունը տրվում է այն դեպքում, եթե գործատուն հիմնավորում է, որ տվյալ վայրում չի կարող գտնել համապատասխան որակավորում ունեցող աշխատող:

L-1 և EB-1C վիզաները նախատեսված են այն անձանց համար, որոնք որպես ղեկավար կամ մասնագետ աշխատում են Հայաստանում և ժամանակավոր կամ մշտական հիմունքներով գործուղվում են ԱՄՆ՝ հայկական ձեռնարկության հետ փոխկապակցված ամերիկյան ձեռնարկությունում (մասնաճյուղ, դուստր ընկերություն և այլն) աշխատելու համար:

Կրոնական կազմակերպության աշխատողները (հոգևորական, քարոզիչ, վանական և այլն) կարող են ստանալ EB-4 կամ R-1 վիզա, եթե ունեն հրավեր ԱՄՆ-ում գտնվող իրենց եղեղեցուց/կրոնական կազմակերպությունից:

J-1 վիզա տրվում է փոխանակման ծրագրերով ԱՄՆ-ում աշխատողների համար: Աշխատանքի բնույթը կարող է շատ տարբեր լինել, և J-1 վիզան կարող է տրվել դասախոսներին, դասատուներին, բժիշկներին, գիտնականներին, պրակտիկանտներին, դայակներին և այլն:

Հայաստանյան լրատվամիջոցների աշխատողները, որոնք ԱՄՆ-ում պատրաստելու են լրատվական կամ կրթական նյութեր կամ փաստավավերագրական ֆիլմեր, կարող են ստանալ լրագրողների համար նախատեսված I կատեգորիայի վիզա:

Սպորտսմենները և այլ ժամանցային խմբերը կարող են ստանալ P-1 վիզա, իսկ մշակութային եզակի ծրագրերով (ազգային, ավանդական և այլն) հանդես եկող արտիստները կարող են ստանալ P-3 վիզա: