Ամուսնու/Նշանածի Վիզա

Եթե Դուք ամուսնացել եք կամ պատրաստվում եք ամուսնանալ ԱՄՆ քաղաքացու հետ, ապա կարող եք վիզա ստանալ ԱՄՆ տեղափոխվելու համար:

Ե՞րբ կստանամ վիզան

Ամուսնու վիզա կարելի է ստանալ մոտավորապես 1 տարվա ընթացքում, իսկ նշանածի վիզան՝ մոտ 6 ամսվա ընթացքում:

Որքա՞ն են կազմում ծախսերը

Ամուսնու վիզայի դեպքում պետական վճարումները կկազմեն $420 սկզբնական դիմումի համար, $120՝ երաշխավորագրի համար, $325՝ ներգաղթային վիզայի համար, ընդհանուր՝ $865:

Նշանածի վիզայի դեպքում պետական վճարումները կազմելու են $340 սկզբնական դիմումի համար և $265 վիզան ստանալու համար, ընդհանուր՝ $580: ԱՄՆ ժամանելուց և ամուսնանալուց հետո պետք կլինի դիմել մշտական կացության կարգավիճակ ստանալու համար, որը կարժենա $1,070:

Բացի այդ, Դուք որոշակի ծախսեր կկատարեք փաստաթղթեր հավաքելու, թարգմանելու, փոստով ուղարկելու համար: Իրավաբանի ծախսերը նույնպես վճարվելու են առանձին:

Ո՞ր տարբերակն է նախընտրելի

Ներկայումս նշանածի վիզա ստանալը ավելի արագ է տևում՝ մոտ 6 ամիս, մինչդեռ ամուսնու վիզա ստանալը սովորաբար տևում է 1 տարի:

Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ամուսինը ստանում է իմիգրացիոն վիզա և ԱՄՆ մտնելուն պես դառնում է մշտական ռեզիդենտ, մինչդեռ նշանածը դեռ պետք է ամուսնանա ԱՄՆ-ում և դիմի մշտական ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար, որը լրացուցիչ ծախսեր և ժամանակ է պահանջում:

Վիզա ստանալու ընթացակարգը

Ա. Ամուսին

Ամուսնությունը Հայաստանում գրանցելուց հետո՝

  1. ԱՄՆ քաղաքացին դիմումը և կից փաստաղթղթերը ներկայացնում է ԱՄՆ Ներգաղթի Ծառայություն (USCIS)
  2. Ներգաղթի ծառայությունը հաստատում է դիմումի ստացումը (մոտ 7 օր)
  3. Ներգաղթի ծառայությունը հաստատում է դիմումը և գործը ուղարկում է Վիզաների Կենտրոն (NVC) (մոտ 4 ամիս)
  4. Վիզաների կենտրոնը Ձեզնից պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր և վճարում
  5. Դուք կատարում եք վճարումը և փաստաթղթերն ուղարկում Վիզաների կենտրոն
  6. Վիզաների կենտրոնը գործն ուղարկում է Երևանում ԱՄՆ հյուպատոսություն (4-րդ, 5-րդ և 6-րդ քայլերը միասին՝ մոտ 5 ամիս)
  7. Հյուպատոսությունը նշանակում է հարցազրույցի օր և պահանջում լրացուցիչ փաստաթղթեր
  8. Դուք հավաքում եք փաստաթղթերը, մասնակցում եք հարցազրույցին և ստանում ներգաղթային վիզա (7-րդ և 8-րդ քայլերը միասին՝ մոտ 1 ամիս)

Այսպիսով, ամբողջ գործընթացի ընդհանուր տևողությունը (դիմումը հանձնելուց մինչև հարցազրույց) մոտ մեկ տարի է:

Բ. Նշանած

  1. ԱՄՆ քաղաքացին դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնում է ԱՄՆ Ներգաղթի Ծառայություն
  2. Ներգաղթի ծառայությունը հաստատում է դիմումի ստացումը (մոտ 7 օր)
  3. Ներգաղթի ծառայությունը հաստատում է դիմումը և գործը ուղարկում է Վիզաների Կենտրոն (NVC) (մոտ 50 օր)
  4. Վիզաների կենտրոնը գործն ուղարկում է Երևանում ԱՄՆ հյուպատոսություն (մոտ 30 օր)
  5. Հյուպատոսությունը նշանակում է հարցազրույցի օր և պահանջում լրացուցիչ փաստաթղթեր
  6. Դուք հավաքում եք փաստաթղթերը, մասնակցում եք հարցազրույցին և ստանում վիզա (5-րդ և 6-րդ քայլերը միասին՝ մոտ 70 օր)

Այսպիսով, ամբողջ գործընթացի ընդհանուր տևողությունը (դիմումը հանձնելուց մինչև հարցազրույց) մոտ 6 ամիս է:

Ինչպե՞ս ենք մենք օգնում

Մենք օգնում ենք ամուսնու/նշանածի վիզա ստանալու բոլոր փուլերում՝ սկզբնական դիմումի կազմումից մինչև Ձեզ հարցազրույցին նախապատրաստելը: Մենք անվճար կգնահատենք այս կատեգորիայով վիզա ստանալու Ձեր շանսերը: Կապվեք մեզ հետ 099-00-11-23 հեռախոսահամարով կամ help@usvisa.am հասցեով: